Քաղաքականության հիմնավորում
Իսկությունը մեր համայնքի հիմնաքարն է: Մենք հավատում ենք, որ իսկությունն օգնում է ստեղծել մի համայնք, որտեղ մարդիկ մեծ պատասխանատվություն են կրում միմյանց և Meta-ի առաջ։ Մենք ցանկանում ենք ապահովել մեր համաշխարհային համայնքում ինքնության արտահայտման բազմաթիվ եղանակներ՝ միաժամանակ կանխելով ուրիշների անվան տակ հանդես գալու կեղծիքները և ինքնության խեղաթյուրման դեպքերը։ Ապահով և բաց միջավայր պահպանելու համար, որտեղ մարդիկ կարող են վստահել միմյանց և ստեղծել համայնք, մենք թույլ չենք տալիս ստեղծել հաշիվներ կամ պրոֆիլներ, որոնք ստեղծվում կամ օգտագործվում են ուրիշներին խաբելու համար:
Facebook-ում մենք մարդկանցից պահանջում ենք ստեղծել մեկ հաշիվ՝ օգտագործելով այն անունը, որը նրանք օգտագործում են առօրյա կյանքում և որը ներկայացնում է նրանց իրական ինքնությունը: Մենք ստեղծել ենք Լրացուցիչ պրոֆիլներ՝ օգնելու մարդկանց արտահայտել իրենց ինքնության տարբեր կողմերը, օրինակ՝ իրենց հետաքրքրությունները կամ բիզնեսը։ Մենք կարող ենք պահանջել հաստատել Ձեր ինքնությունը՝ որոշակի արտադրանքների և գործառույթների օգտագործման համար թույլտվություն ստանալու կամ դրանց օգտագործումը շարունակելու համար: Եթե հաստատման գործընթացն ավարտին չհասցվի, մենք կարող ենք ձեռնարկել գործողություններ, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ հասանելիությունը սահմանափակելով կամ հաշիվներն ընդմիշտ ապաակտիվացնելով:
Մենք թույլ չենք տալիս օգտագործել մեր ծառայությունները և կսահմանափակենք կամ կանջատենք Facebook, Instagram և Threads հաշիվները կամ այլ Facebook սուբյեկտներ (օրինակ՝ էջերը, խմբերը), որոնք
Պատկանում են անչափահաս երեխաներին
Հանդես են գալիս մեկ այլ անձի կամ սուբյեկտի անունից՝
Օգտագործելով նրանց նկար(ներ)ը, անունը կամ նմանությունը՝ նպատակ ունենալով խաբել ուրիշներին
Խոսելով մեկ այլ անձի կամ սուբյեկտի անունից, որի համար տվյալ օգտատերը իրավասու չէ (օրինակ՝ Էջ կամ պրոֆիլ ստեղծելով)
Ներգրավվելով ինքնության խեղաթյուրման մեջ՝ մոլորեցնելու կամ խաբելու ուրիշներին, խուսափելու ստանդարտների կիրառումից կամ խախտելու մեր Համայնքի ստանդարտները: Ինքնության մոլորեցնող կեղծ տվյալներով ներկայացումը գնահատելիս մենք հաշվի ենք առնում մի շարք գործոններ, ինչպիսիք են.
Ինքնության տվյալների կրկնվող կամ նշանակալի փոփոխություններ, ինչպես օրինակ՝ անունը կամ տարիքը
Պրոֆիլների ապակողմնորոշիչ տեղեկություններ, ինչպես օրինակ՝ կենսագրության մանրամասները և պրոֆիլի տեղադրությունը
Համացանցից ներբեռնած նկարների օգտագործում
Օգտագործում են անուն, որը խախտում է մեր Համայնքի ստանդարտները:
Facebook-ում մենք լրացուցիչ տեղեկություններ կփնտրենք նախքան գործողություններ ձեռնարկելը` սկսած պրոֆիլները կամ հաշիվները ժամանակավորապես սահմանափակելուց մինչև դրանց մեկընդմիշտ ապաակտիվացում, եթե Դուք՝
Տրամադրում եք ծննդյան կեղծ ամսաթիվ
Օգտագործում եք այնպիսի անուն, որը չի համընկնում առօրյա կյանքում կիրառվող Ձեր անվան հետ։
Ստեղծում եք մի հաշիվ, որը ներկայացնում է մեկից ավելի անձանց կամ օգտագործվում է մեկից ավելի անձանց կողմից
Ստեղծում եք կամ պահում եք բազմաթիվ Facebook հաշիվներ
Ստեղծում եք հաշիվ, որը ներկայացնում է ոչ մարդկային սուբյեկտ, օրինակ՝ բիզնես, ընտանի կենդանի կամ հորինված կերպար
Պահում եք դատարկ պրոֆիլներ՝ երկարատև անգործությամբ
Երկրպագուների, երգիծանքի և ծաղրի հաշիվներ
Մենք թույլ ենք տալիս հաշիվներ, որոնք նվիրված են երկրպագուների զգացմունքներին, հումորին, ծաղրին, երգիծանքին, քննադատությանը, մեկնաբանություններին և կարծիքին: Հաշիվը պետք է իր ոչ պաշտոնական կարգավիճակը հստակ տեսանելի դարձնի առնվազն հաշվի անվանման մեջ և լավագույն դեպքում պրոֆիլի մեկ այլ բաժնում, օրինակ՝ պրոֆիլի լուսանկարում կամ կենսագրության մեջ (օրինակ՝ ներառելով «երկրպագուների էջ» բառը հաշվի անվանման/անվան մեջ): Այն հաշիվները, որոնք հստակ չեն բացահայտում իրենց ոչ պաշտոնական բնույթը, կարող են սահմանափակվել կամ ջնջվել։